Հայ ժողովուրդը կազմավորվել եւ հազարամյակների ընթացքում իր քաղաքական ու մշակութային զարգացումն է ապրել Հայկական լեռնաշխարհում եւ հարակից տարածքներում: Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսում: Նրա արեւելքում գտնվում է Իրանական սարահարթը, արեւմուտքում` Փոքր Ասիա թերակղզին, հյուսիսում` Կովկասյան լեռները, իսկ հարավում` Միջագետքը: Այն զբաղեցնում է մոտ 350.000 կմ2 տարածք, ունի ծովի մակերեւույթից 1500-1800 մետր միջին բարձրություն եւ ավելի բարձրադիր է, քան հարեւան երկրները, որի համար էլ անվանվել է «լեռնային կղզի»:
Հյուսիս-արեւմուտքից Հայկական լեռնաշխարհը եզերում են Արեւելապոնտական, հյուսիսից` Փոքր Կովկասի, հարավից` Հայկական Տավրոսի լեռնաշղթաները: Արեւելքում Հայկական լեռնաշղթան տարածվում է մինչեւ Ուրմիա լճի գոգավորությունը եւ Ղարա Դաղի (Հայկական) լեռները: Արեւմուտքում Հայկական լեռնաշխարհի սահմանը կազմում են Անտիտավրոսի եւ Անտիպոնտոսի լեռները:
Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնով` արեւելքից արեւմուտք, ձգվում է Հայկական պար լեռնաշղթան, որը լեռնաշխարհը բաժանում է հյուսիսային եւ հարավային մասերի: Հայկական պարն արեւելքում սկիզբ է առնում Մասիս (Մեծ Արարատ, 5165 մ) սարից, որը լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն է եւ ձգվում է մինչեւ Արեւմտյան Եփրատ: Երկրորդ բարձր լեռը Սիփանն է (4434 մ), որը բարձրանում է Վանա լճի հյուսիսային ափին: Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է (4090 մ):
Աշխարհագրական բարձր դիրքի շնորհիվ Հայկական լեռնաշխարհից են սկիզբ առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը: Եփրատը եւ Տիգրիսը թափվում են Պարսից ծոցը, Ճորոխը, Հալիսը եւ Գայլը` Սեւ ծովը, Կուրը եւ Արաքսը` Կասպից ծովը, Ջիհունը` Միջերկրական ծովը: Արաքս (Երասխ) գետը սկիզբ է առնում Բյուրակն լեռներից եւ միակն է, որ ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով եւ միանալով Կուրին թափվում է Կասպից ծովը: Արաքսն իր վտակներով սնուցում է Հայկական լեռնաշխարհի ամենամեծ` Արարատյան դաշտը: Հայ ժողովուրդը սիրով Արաքսն անվանում է Մայր գետ:
Հայկական լեռնաշխարհը հարուստ է մեծ ու փոքր լճերով: Սեւանա լիճը (Գեղամա ծով, Գեղարքունյաց Գեղարքունյաց ծով) աշխարհի բարձրադիր խոշոր լճերից է, ունի քաղցրահամ ջուր, հայտնի է իշխան, գեղարքունի, կարմրախայտ, սիգ ձկնատեսակներով: Լիճն ունեցել է մեկ կղզի, որը ջրի մակարդակի իջեցումից հետո վերածվել է թերակղզու: Սեւանի մեջ են լցվում 29 գետեր եւ գետակներ, իսկ նրանից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը:
Վանա լիճը (Բզնունյաց ծով) ավելի մեծ է, իսկ նրա աղի ջրերում բազմանում է միայն տառեխ ձուկը: Վանա լիճն ունի չորս կղզի` Աղթամար, Լիմ, Կտուց, Արտեր: Աղթամարը ժամանակին եղել է կաթողիկոսական նստավայր, հայտնի է իր ճարտարապետական կոթողներով, հատկապես Ս.Խաչ եկեղեցով:
Հայկական լեռնաշխարհի եւ Իրանական սարահարթի միջեւ գտնվում է Կապուտան կամ Ուրմիա լիճը: Այն լեռնաշխարհի ամենախոշոր լիճն է եւ ունի բազմաթիվ կղզիներ: Նրա չափազանց աղի ջրերում ձկներ չկան:
Այս երեք խոշոր լճերից բացի Հայկական լեռնաշխարհում կան բազմաթիվ մանր քաղցրահամ լճեր` Փարվանա, Չըլդր (Ծովակ Հյուսիսո), Ծովք, Արճակ, Գայլատու եւ այլն:
Հայկական լեռնաշխարհում անտառները համեմատաբար քիչ են: Անտառներ կան Արցախում, Սյունիքում, Գուգարքում, Տայքում, Ռշտունիքում: Անտառներում տարածված են կաղնին, հաճարենին, բոխին, թխկին, հացենին, կեչին: Հին Հայաստանում տնկվել են նաեւ արհեստական անտառներ (Սոսյաց, Խոսրովի):
Հայկական լեռնաշխարհի բուսականությունը հարուստ է եւ բազմազան: Երկրի ցածրադիր վայրերում արհեստական ոռոգման դեպքում աճում են բամբակ, նուռ, թուզ, բրինձ եւ այլն: Մեծ տարածում ունի պտուղների (ծիրան, դեղձ, տանձ, խնձոր, բալ, կեռաս եւ այլն) եւ խաղողի մշակությունը: Մշակվում են ցորեն, գարի, կորեկ, հաճար: Հայաստանը վայրի ցորենի նախահայրենիքներից մեկն է:
Բազմազան է նաեւ Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը: Ընտանի կենդանիներից տարածված են ոչխարը, այծը, կովը, ձին, գոմեշը, իսկ վայրի կենդանիներից` աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը: Հնուց ի վեր զարգացած է եղել մեղվապահությունը: Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր եւ այլն:
Հայաստանը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ենթարկվել է վարչական բազմապիսի բաժանումների: Ներքին եւ արտաքին գործոնների ազդեցությամբ հաճախ Հայաստանի տարածքում առաջ են եկել մի քանի թագավորություններ կամ երկրի որոշ հատվածներ հայտնվել են օտարների տիրապետության տակ: Այժմ ընդունված է պատմական Հայաստանի վարչական բաժանման հիմքում դնել VIIդ. նշանավոր գիտնական Անանիա Շիրակացու կազմած «Աշխարհացույցը»: Ըստ դրա, Հայաստանը բաժանվում է երկու վարչաքաղաքական միավորների` Մեծ Հայք եւ Փոքր Հայք, որոնք իրարից բաժանվում էին Արեւմտյան Եփրատով: Մեծ Հայքն ուներ ավելի քան 300.000 կմ2 տարածք, իսկ Փոքր Հայքը` շուրջ 100.000 կմ2:
Մեծ Հայքը բաժանված էր 15 նահանգների կամ աշխարհների` Այրարատ, Գուգարք, Սյունիք, Ուտիք, Արցախ, Փայտակարան, Պարսկահայք, Վասպուրական, Կորճայք, Մոկք, Աղձնիք, Տուրուբերան, Ծոփք, Բարձր Հայք, Տայք: Դրանք իրենց հերթին բաժանվում էին շուրջ 190 գավառների: Փոքր Հայքն ուներ 5 նահանգ:
11-րդ դարում հայկական պետականության կենտրոնը տեղափոխվեց Միջերկրական ծովի հյուսիս-արեւելյան ափին գտնվող Կիլիկիա, ուր մինչեւ 14-րդ դարի վերջը պահպանվեց հայոց թագավորությունը: Կիլիկիան զբաղեցնում էր մոտ 40.000 կմ2 տարածք:
Հայկական լեռնաշխարհի տարածքում հայ ժողովուրդը մեծամասնություն է կազմել մինչեւ 1915թ. Մեծ եղեռնը, որի հետեւանքով մեր հայրենիքի մեծագույն մասը հայաթափվեց, իսկ թուրքերը փորձում են հայության բնօրրանը դարձնել սեփական հայրենիքի մի մասը:
Հայաստանի Հանրապետության տարածքն ընդգրկում է Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Գուգարք, Ուտիք նահանգների մի մասը եւ ունի 29.800 կմ2 տարածք: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զբաղեցնում է մոտ 10.000 կմ2 տարածք եւ ընդգրկում է Արցախ, Ուտիք եւ Սյունիք նահանգների մի մասը: Փաստորեն, այսօր հայկական պետականության հովանու ներքո է ավելի քան 400.000 կմ2 զբաղեցնող մեր հայրենիքի միայն 10%-ը: