Ըստ ավանդության, Նինվեի գրավման ժամանակ (Ք.ա. 612թ.) մարերին աջակցել է հայոց նահապետներից Պարույր Սկայորդին, որին Մարաստանի Կիաքսար թագավորը ճանաչել է Հայոց արքա: Պարույրի ազգականներից Երվանդ Սակավակյացը հիմք դրեց հայկական նոր արքայատոհմի, որը նրա անունով կոչվեց Երվանդունիների հարստություն: Մայրաքաղաքը շարունակում էր մնալ Վանը, իսկ IV դարից դարձավ Արմավիրը: Երվանդունիների համահայկական թագավորությունը ընդգրկում էր նախկին Վանի թագավորության տարածքը, այսինքն` գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը եւ համապատասխանում էր հայ ժողովրդի էթնիկական սահմաններին:
Հույն պատմագիր Հերոդոտոսը Ք.ա. 6-5-րդ դարերի Հայաստանը ներկայացնում է միաձույլ հայ ժողովրդով բնակեցված եւ ընդարձակ մի երկիր, որի սահմանները հարավ-արեւելքում հասնում էին մինչեւ Փոքր Զավ գետի ակունքները եւ Մարաստան, հարավում` մինչեւ Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արեւմուտքում` մինչեւ Պոնտոս, արեւմուտքում` մինչեւ Կիլիկիա: Հերոդոտոսը Հայաստանի անբաժան երկրամասն է համարում նաեւ Եփրատից արեւմուտք ընկած Պակտիկեն, որը համընկնում է Փոքր Հայքին: Այլ խոսքով` Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհը:
Երվանդ Սակավակյացը ստիպված ընդունում է Մարաստանի գերիշխանությունը եւ պարտավորվում է հարկ վճարել, իսկ պատերազմի դեպքում տրամադրել զորքի կեսը: Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի հայերն ունեին 8.000 հեծյալ եւ 40.000 հետեւակ զորք: Հայաստանը լիովին պահպանում էր պետական անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հոգեւոր-մշակութային ինքնուրույնությունն ու կենսունակությունը, որոնք հաստատուն հիմքերի վրա էին դրվել նախընթաց դարերում: Երվանդ Սակավակյացը փորձեց ապստամբել Մարաստանի Աժդահակ (Ք.ա. 585-550թթ.) թագավորի դեմ: Վերջինիս զորավար Կյուրոսը կարողացավ խաբեությամբ ձերբակալել Հայոց արքային եւ նրա ընտանիքի անդամներին: Հայոց թագաժառանգ Տիգրանի միջնորդությամբ, որը Կյուրոսի ընկերն էր, հաշտություն է կնքվում:
Մարաստանի գերիշխանությունը Առաջավոր Ասիայում երկար չտեւեց: Աժդահակի դեմ ապստամբեց Կյուրոսը, որը պարսկական Աքեմենյան տոհմից էր: Նրան միացավ Հայոց արքա Տիգրան Երվանդյանը (Ք.ա. 560-530թթ.): Հայ-պարսկական զորքերը գրավեցին Մարաստանի մայրաքաղաք Էկբատանը, իսկ Աժդահակը սպանվեց: Ք.ա. 550թ. Կյուրոս Մեծը ստեղծեց հին աշխարհի ամենահզոր տերություններից մեկը՝ Աքեմենյան կայսրությունը, որի դաշնակիցն էր Հայաստանը: Ք.ա. 538թ. Հայոց արքա Տիգրանը Կյուրոսի հետ մասնակցել է նաեւ Նոր Բաբելոնի թագավորության կործանմանը:
Ք.ա. 522-520թթ. մի շարք հպատակ երկրներ ապստամբեցին աքեմենյան Դարեհ I արքայի (Ք.ա. 522-486թթ.) դեմ: Այդ ապստամբության եւ մղած ճակատամարտերի մասին հիշատակված է Դարեհի Բիհիսթուն ժայռի վրա թողած եռալեզու արձանագրության մեջ: Չնայած Դարեհը Հայաստանը չի հիշատակում ապստամբած հպատակ երկրների շարքում, սակայն նրա զորքերը մտան նաեւ մեր երկիր, ուր հանդիպեցին ամենահամառ դիմադրությանը: Դա վկայում է, որ Հայաստանը մինչ այդ պահպանել էր անկախություն եւ նույնիսկ աջակցել էր Աքեմենյանների դեմ ապստամբած երկրներին: Այդ ժամանակ ապստամբել էր նաեւ Բաբելոնը, ուր արքա էր հռչակվել հայազգի Արախան: Այդ ամենը վկայում են հայերի ռազմաքաղաքական մեծ դերակատարության մասին: Դարեհը Հայաստան էր ուղարկել երկու բանակ` պարսիկ Վահումիսայի եւ հայազգի Դադարշիշի գլխավորությամբ: Ճակատամարտերը հիմնականում տեղի ունեցան Հյուսիսային Միջագետքում եւ Հայաստանի հարավում: Նրանք միայն 5 ճակատամարտերից հետո կարողացան հաղթել եւ հնազանդեցնել Հայաստանը:
Ապստամբության ճնշումից հետո Դարեհը Աքեմենյան պետությունը բաժանեց 20 սատրապությունների: Հայաստանն ընդգրկում էր 13-րդ եւ 18-րդ սատրապությունների տարածքը: Սատրապի պաշտոնը հիմնականում տրվում էր Երվանդունի թագավորներին, որոնք պահպանել էին իրավունքների մեծ մասը եւ ներքին ինքնավարությունը, իսկ որոշ դեպքերում սատրապ էր նշանակվում որեւէ պարսիկ մեծատոհմիկ: Այս վիճակը շարունակվեց մինչեւ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը:
Ք.ա. 334թ. Ալեքսանդր Մակեդոնացին հարձակվեց Աքեմենյան կայսրության վրա եւ գրավեց նրա արեւմտյան մասը: Ք.ա. 331թ. Գավգամելայի վճռորոշ ճակատամարտում Ալեքսանդրը ջախջախեց Դարեհ III արքայի բանակը եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը: Գավգամելայի ճակատամարտին մասնակցեցին եւ իրենց մարտական բարձր որակներով փայլեցին Մեծ եւ Փոքր Հայքերի բանակները` Երվանդ III-ի եւ Միթրաուստեսի գլխավորությամբ:
Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Ք.ա. 336 թվականից Մեծ Հայքում իշխող Երվանդ III-ը իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք.ա. 331-300թթ.), Փոքր Հայքում նույնը արեց Միթրաուստեսը: Երվանդը, հակահարված հասցնելով Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներ Մեմնոնոսի եւ Սելեւկիոս Նիկատորի ոտնձգություններին, հաջողությամբ պաշտպանեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը: Նրա աջակցությամբ իրենց անկախությունը պահպանեցին նաեւ Փոքր Հայքի, Պոնտոսի եւ Կապադովկիայի թագավորությունները:
Ք.ա 323թ. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ եւ նրա կայսրությունը տրոհվեց մի քանի մասի, որոնցից ամենամեծը Սելեւկյան պետությունն էր: Վերջինս դարձավ Մեծ Հայքի գլխավոր հակառակորդը եւ բազմիցս փորձեց նվաճել այն: Սակայն հայկական բանակը կարողանում էր արժանի հակահարված տալ սելեւկյաններին:
Ք.ա. 260թ. Սամոս (Շամ) Երվանդունին, որը Ծոփքի եւ Կոմմագեների կառավարիչն էր, հրաժարվեց ենթարկվել Մեծ Հայքի թագավորին եւ հռչակվեց ինքնուրույն թագավոր: Սամոսը հիմնեց Սամոսատ (Կոմմագենեում) եւ Սամոկերտ (Ծոփքում) քաղաքները: Սամոսին հաջորդեց որդին` Արշամը (Ք.ա. 240-220թթ.), որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը (Ծոփքում) եւ Արսամեա անունով երկու քաղաք (Կոմմագենեում): Ք.ա. 220թ. սելեւկյանների միջամտությամբ Ծոփքից առանձնացավ Կոմմագենեն:
Այսպիսով Ք.ա. 3-րդ դարի վերջին Հայաստանը բաժանված էր չորս թագավորությունների` Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե: Տրոհված եւ մասնատված երկիրը այլեւս չուներ նախկին հզորությունը, որպեսզի հակահարված տար օտար նվաճողներին:
Մեծ Հայքում Երվանդունիների վերջին ներկայացուցիչն էր Երվանդ IV-ը (Ք.ա. 220-201թթ.): Նա Ախուրյանի եւ Արաքսի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը եւ Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանը, որը դարձավ խոշոր սրբավայր:
Ք.ա. 201թ. սելեւկյան արքա Անտիոքոս III Մեծի զորքերը` հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ, տապալեցին Երվանդ IV-ին եւ նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կառավարիչ (ստրատեգոս) կարգվեց Արտաշեսը: Ծոփքի Երվանդունի արքա Քսերքսեսը (Ք.ա. 220-201թթ.) նախ դարձավ սելեւկյան արքա Անտիոքոս III-ի կիսահպատակը, իսկ Ք.ա. 201թ. դավադրությամբ սպանվեց: Փոքր Հայքը եւ Կոմմագենեն եւս դարձան սելեւկյան պետության ստրատեգիաներ: Անտիոքոս III-ը Ծոփքում կառավարիչ կարգեց` Զարեհին, Փոքր Հայքում` Միհրդատին, Կոմմագենեում` Պտղոմեոսին:
Այսպիսով` Երվանդունիների հայկական թագավորությունները դարձան սելեւկյան կայսրության նվաճողական քաղաքականության զոհը:
Երվանդյան արքայատան, այդ թվում` Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները, կառուցել են բազմաթիվ քաղաքներ, իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել են երկրի տնտեսական զարգացմանը, խրախուսել հելլենիստական մշակույթը: Նրանց օրոք Հայաստանում պետականությունը այնպիսի ամուր հիմքերի վրա էր դրվել, որ օտարերկրյա տիրապետությունը շարունակվեց միայն մեկ տասնամյակ: