Меню сайта
Наш опрос
Ինչպես կգնահատեիք Հայաստանի ներկայիս վիճակը
Ընդամենը: 875
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
ԱՐՏԱՎԱԶԴ II: ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ ԱՆԿՈՒՄԸ

Տիգրան Մեծին հաջորդեց որդին Արտավազդ II-ը (Ք.ա. 55-34թթ.), որի գահակալման տարիներին Մեծ Հայքը հայտնվել էր պարթեւա-հռոմեական սուր զինաբախումների ոլորտում: Նա երկրի անկախության ու անվտանգության ապահովման հուսալի միջոց դարձրեց պատերազմող տերությունների միջեւ խուսանավելու քաղաքականությունը, ըստ իրավիճակի թելադրման` հարելով մերթ մեկին, մերթ մյուսին: Հայաստանը թե Հռոմի, թե Պարթեւստանի համար ուներ ռազմական եւ տնտեսական կարեւոր նշանակություն: Հայկական լեռնաշխարհն իր բարձրադիր դիրքով ուներ առաջնակարգ ռազմավարական նշանակություն, այստեղով էին անցնում արեւելք-արեւմուտք, հյուսիս-հարավ ռազմական ու տնտեսական կարեւոր մայրուղիները: Իր ռազմական ու տնտեսական հզորությամբ Հայաստանը Պարթեւստանից ու Հռոմից հետո երրորդ ուժն էր տարածաշրջանում, եւ նրա հետ դաշինքից էր կախված այդ տերությունների հաղթանակը կամ պարտությունը: Ք.ա. 60թ. Հռոմում ստեղծվեց առաջին եռապետությունը: Երեք նշանավոր զորավարները` Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը եւ Մարկոս Կրասոսը Հռոմի ընդարձակածավալ նահանգների կառավարումը բաժանեցին իրենց միջեւ: Հռոմի արեւելյան շրջանների կառավարումը անցավ Կրասոսին: Ք.ա. 53թ. Մարկոս Կրասոսը խոշոր արշավանք կազմակերպեց գլխավոր հակառակորդ Պարթեւստանի դեմ եւ օգնական զորքեր պահանջեց դաշնակից Հայաստանից: Տեղեկանալով այդ մասին` պարթեւական արքա Օրոդեսը իր բանակը բաժանեց երկու մասի. ինքը որոշեց արշավել Հայաստան, իսկ Սուրեն զորավարին ուղարկեց Միջագետք` հռոմեացիների դեմ: Արտավազդ II-ը Կրասոսին առաջարկեց արշավանքն իրականացնել Հայաստանի հարավի լեռնային շրջաններով` խոստանալով տրամադրել 10.000 հեծյալ եւ 30.000 հետեւակ զորք: Դրա շնորհիվ հռոմեական լեգեոնները կխուսափեին պարթեւական բանակի հիմնական հարվածային ուժը հանդիսացող հեծելազորի հանկարծակի հարձակումներից բաց տափաստաններում, իսկ Հայաստանը զերծ կմնար պարթեւների ներխուժման վտանգից: Կրասոսը մերժեց Հայոց արքայի ծրագիրը եւ որոշեց արշավել Միջագետքի տափաստաններով: Նման պայմաններում Արտավազդը ճիշտ որոշում ընդունեց եւ դաշինք կնքեց Օրոդեսի հետ, որն ամրապնդվեց Արտավազդի քրոջ եւ պարթեւ թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ: Ք.ա. 53թ. մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում պարթեւական զորավար Սուրենը գլխովին ջախջախեց հռոմեական բանակը, իսկ սպանված Կրասոսի գլուխն ուղարկեց Արտաշատ, ուր այդ ժամանակ գտնվում էր Օրոդեսը: Սուրհանդակը տեղ հասավ այն ժամանակ, երբ Արտավազդ II-ը եւ Օրոդեսը Արտաշատի թատրոնում դիտում էին հույն դրամատուրգ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը եւ Կրասոսի գլուխը նետեց արքաների ոտքերի առաջ: Նման անփառունակ վախճան ունեցավ Կրասոսը, որը փորձում էր Արեւելքի երկրների նվաճումով հարստանալ Լուկուլլոսի եւ փառքի հասնել Պոմպեոսի պես: Հայ-պարթեւական ուժերը հռոմեացիներին վտարեցին Ասորիքից, Փյունիկիայից, Պաղեստինից: Տեղի բնակչությունը որպես ազատարարներ էր ընդունում նրանց, քանի որ դժգոհ էին Հռոմի դաժան կեղեքումներից եւ դեռ չէին մոռացել Տիգրան Մեծի օրոք ունեցած արտոնությունները: Հայ-պարթեւական զորքերի հաջողություններին նպաստեց նաեւ այն, որ Կրասոսի մահից հետո Հռոմում եռապետությունը կազմալուծվեց եւ շուտով քաղաքացիական պատերազմ սկսվեց Կեսարի եւ Պոմպեոսի միջեւ: Ք.ա. 43թ. Հռոմում երկրորդ եռապետությունը ստեղծեցին Մարկոս Անտոնիոսը, Օգոստոս Օկտավիանոսը եւ Մարկոս Լեպիդոսը: Անտոնիոսը ստացավ Արեւելքի երկրները եւ ամուսնացավ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ: Ք.ա. 36թ. Պարթեւստանի դեմ խոշոր արշավանք կազմակերպեց Մարկոս Անտոնիոսը: Հաշվի առնելով Կրասոսի դառը փորձը, նա որոշեց արշավել Հայաստանի տարածքով եւ Արտավազդ II-ից պահանջեց աջակցել իրեն: Ք.ա. 37թ. մահացել էին Օրոդեսը եւ Բակուրը, Պարթեւստանում գահակալական արյունահեղ պայքարից հետո գահ էր բարձրացել Հրահատ IV-ը: Այդ ժամանակ սրվել էին նաեւ հայ-պարթեւական հարաբերությունները, որը հաշվի առավ Անտոնիոսը եւ օգնական զորքեր խնդրեց Հայոց արքայից: Արտավազդ II-ը ստիպված համաձայնեց օգնել հռոմեացիներին, սակայն տրամադրեց միայն փոքրաթիվ ուժեր: Անտոնիոսը 100.000-ոց բանակով սկզբում ներխուժեց պարթեւների դաշնակից Ատրպատականի թագավորություն: Սակայն պարթեւական հեծելազորը կարողացավ ոչնչացնել հռոմեացիների պաշարողական տեխնիկան, որի հետեւանքով արշավանքը ձախողման դատապարտվեց: Անտոնիոսը դեռ Պարթեւստան չմտած հսկայական կորուստներ ունեցավ, եւ նրա զորքի մնացորդները փրկվեցին Հայաստան մտնելով եւ Արտավազդից օժանդակություն ստանալու շնորհիվ: Անտոնիոսի հեղինակությանը ծանր հարված էր այդ պարտությունը, եւ որպես իր արշավանքի ձախողման գլխավոր մեղավոր նա փորձեց ներկայացնել Արտավազդին եւ ցանկանում էր խաբեությամբ ձերբակալել նրան: Այդ փորձերի ձախողումից հետո, օգտվելով հայ-պարթեւական հարաբերությունների վատթարացումից, որի պատճառներից մեկը հայ-հռոմեական համագործակցությունն էր, Անտոնիոսը Ք.ա. 34թ. գարնանը խոշոր ուժերով ներխուժեց Մեծ Հայք: Երկիրը ավերածություններից փրկելու հույսով Հայոց արքան որոշեց բանակցություններ սկսել Անտոնիոսի հետ, սակայն վերջինս գերեվարեց Արտավազդին եւ տարավ Ալեքսանդրիա` իր կնոջ` Եգիպտոսի Կլեոպատրա թագուհու մոտ: Արտավազդին եւ նրա ընտանիքին խոստացան ազատ թողնել, եթե հաղթահանդեսի ժամանակ խոնարհվեին Կլեոպատրայի առաջ: Սակայն Արտավազդն իրեն պահեց արքայավայել եւ գլուխը բարձր պահելով անցավ թագուհու առջեւից, որը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա: Նրան հետագայում մահապատժի ենթարկեցին: Ք.ա. 31թ. Օկտավիանոսը Ակտիումի ծովային ճակատամարտում պարտության մատնեց Անտոնիոսին ու Կլեոպատրային, որոնք ինքնասպանություն գործեցին: Օգտվելով նպաստավոր իրավիճակից, Արտավազդ II-ի որդին` Արտաշեսը, պարթեւների աջակցությամբ, ազատագրեց Մեծ Հայքը եւ հռչակվեց թագավոր: Արտաշես II-ը (Ք.ա. 30-20թթ.) նաեւ ջախջախեց հռոմեացիների հետ համագործակցող Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացուն, իսկ Ատրպատականը միացրեց Հայոց թագավորությանը: Արտաշես II-ը կրում էր «արքայից արքա» տիտղոսը, վարում էր անկախ եւ ընդգծված հակահռոմեական քաղաքականություն: Հռոմը, հաշվի առնելով Կրասոսի եւ Անտոնիոսի պարտությունների դառը փորձը, շուրջ 10 տարի չհամարձակվեց պատերազմել հայ-պարթեւական միացյալ ուժերի դեմ: Օգոստոս Օկտավիանոսը, որը Ք.ա. 27թ. հռչակվեց Հռոմի առաջին կայսր, խոստումների, կաշառքների ու դավերի միջոցով վարում էր Մեծ Հայքն իր ավանդական դաշնակիցներից մեկուսացնելու, այն թշնամի դրացիներով օղակելու եւ հայ ավագանուն պառակտելու քաղաքականություն: Նա կարողացավ Մեծ Հայքի հետ թշնամացնել Փոքր Հայքին, որի թագավոր էր կարգվել Արտավազդ Մեդացին, Կապադովկիային, Պոնտոսին, իբերական եւ աղվանական ցեղերին: Ք.ա. 20թ. Օգոստոս կայսրը խոշոր ուժերով ժամանեց Ասորիք եւ գահակալական կռիվներում թուլացած պարթեւներին հարկադրեց կնքել պայմանագիր, որով արձակվեցին Հռոմի ձեռքերը Մեծ Հայքի թագավորության դեմ: Նույն թվականին հռոմեական զորքերը ներխուժեցին Մեծ Հայք: Հուսալքված եւ Հռոմի սադրանքներից դրդված հայ ավագանու որոշ ներկայացուցիչներ հզոր թշնամու դեմ պատերազմից խուսափելու եւ պետական անկախությունը չկորցնելու հույսերով՝ դավադրաբար սպանեցին Արտաշես II-ին եւ համաձայնեցին գահը հանձնել նրա եղբորը՝ երկար տարիներ Հռոմում պատանդ մնացած Տիգրան III-ին (Ք.ա. 20-9թթ.): Միաժամանակ Մեծ Հայքից անջատվեց Ատրպատականը: Տիգրան III-ը գահակալման վերջին տարիներին գրեթե ձերբազատվեց Հռոմի միջամտություններից, մերձեցավ Պարթեւստանին եւ սկսեց իր դրամները հատել պահլավերեն մակագրություններով: Տիգրան III-ին հաջորդեց որդին` Տիգրան IV-ը (Ք.ա. 9-1թթ.): Հռոմի միջամտությամբ Ք.ա. 5-3թթ. Հայոց գահին տիրեց Տիգրան III-ի եղբայր Արտավազդ III-ը, սակայն շուտով տապալվեց եւ գահը կրկին անցավ Տիգրան IV-ին: Նա զոհվեց 1թ. կովկասյան լեռնականների դեմ մղած ճակատամարտում: Տիգրան IV-ի մահով վերացավ Արտաշեսյան արքայատոհմը (Ք.ա 189-1թթ.): Այս դինաստիայի օրոք Հայաստանը հասել էր առավելագույն հզորության, նույնիսկ մի կարճ ժամանակով վերածվել հզոր կայսրության: Արտաշեսյանների օրոք երկրի պետական կառուցվածքը մեծապես ամրապնդվել էր եւ հետագայում Հայոց թագավորությունը վերացնելու Հռոմի ջանքերը բախվեցին համառ դիմադրության եւ մատնվեցին անհաջողության:
Вход на сайт
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz