Меню сайта
Наш опрос
Ինչպես կգնահատեիք Հայաստանի ներկայիս վիճակը
Ընդամենը: 875
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԿՐՈՆ

Համաշխարհային քաղաքակրթության մեջ նոր ժամանակաշրջան սկսվեց, երբ ճգնաժամ ապրող հեթանոսական կրոնին ու բազմաթիվ կուռքերի պաշտամունքին փոխարինելու եկավ նոր, միաստվածային կրոնը` քրիստոնեությունը: Նոր կրոնի հիմնադիրը Հիսուս Քրիստոսն էր, որը գործել է Հրեաստանում: Նա քարոզում էր սեր մարդկանց, բնության եւ ամբողջ աշխարհի նկատմամբ: Քրիստոսի ծնունդով հիմք դրվեց նոր թվականությանը եւ քաղաքակրթության նոր փուլին: Հիսուս Քրիստոսին հրեա կրոնավորների պահանջով հռոմեացիները 33թ. Երուսաղեմում խաչեցին: Սակայն դա չկասեցրեց նոր ուսմունքի ու մարդկային բարոյականության նոր գաղափարների տարածմանը ամբողջ աշխարհում: Քրիստոսի 12 աշակերտները` առաքյալները եւ բազմաթիվ հետեւորդները սկսեցին քրիստոնեական վարդապետությունը քարոզել բոլոր երկրներում: Սկզբում ամենուրեք թշնամաբար էին ընդունում նոր ուսմունքը, հալածում էին քրիստոնյաներին, որոնք ստիպված էին գործել խիստ գաղտնիության պայմաններում: Չնայած հարուցված դժվարություններին, քրիստոնյաների թիվն աշխարհի բազմաթիվ երկրներում օրեցօր աճում էր` ընդգրկելով ոչ միայն ստորին խավերին, այլեւ ազնվականության լայն շերտերին: Բազմաթիվ երկրներում հետզհետե նախադրյալներ էին ստեղծվում` ժողովրդական լայն զանգվածների հոգեւոր կարիքները այլեւս չբավարարող հեթանոսական հավատալիքների փոխարեն քրիստոնեությունը պետական կրոն դարձնելու համար: Նոր կրոնը, նրա քարոզած բարոյականության եւ մարդկային ապրելակերպի նոր գաղափարները տարածում էին ստացել նաեւ Հայաստանում: Մեր երկիրը հանդիսացավ աշխարհում առաջինը, որը 301թ. քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն: Հայ ժողովուրդը առաջինն ընկալեց եւ ընդունեց նոր վարդապետության առաջադիմական գաղափարները, հրաժարվեց հեթանոսական հնացած հավատալիքներից եւ քրիստոնեական հավատքի հիմքերի վրա ստեղծեց նոր եւ առաջադեմ մշակույթ, փորձեց հենվել բարոյականության նոր` հումանիստական սկզբունքների վրա: Հայաստանում, ըստ ավանդության, քրիստոնեություն են քարոզել եւ քրիստոնեական համայնքներ ու կազմակերպություն` եկեղեցի են ստեղծել Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից երկուսը Թադեոսը եւ Բարդուղիմեոսը, որոնք դարձել են Սանատրուկ թագավորի թագավորի հալածանքների զոհերը: Մեր եկեղեցին կոչվում է Առաքելական, քանի որ նրա կազմակերպական հիմքը դրել են այդ առաքյալները: II-IIIդդ. գաղտնի գործող քրիստոնեական համայնքների թիվը Հայաստանում աճել է: Հայոց Տրդատ III Մեծ թագավորը (287-330թթ.) եւս սկզբնական շրջանում հալածում էր քրիստոնյաներին: Նա տանջանքների ենթարկեց ու Արտաշատի արքունի բանտում` Խոր Վիրապում բանտարկեց քրիստոնեության ակտիվ քարոզիչ Գրիգոր Լուսավորչին: Արքային հայտնի էր դարձել, որ Գրիգորը ոչ միայն քրիստոնյա է, այլեւ իր հորը` Խոսրով II-ին սպանող Անակ Պարթեւի որդին է: Հավանաբար Գրիգորը կմնար բանտում, իսկ Տրդատը դարձի չէր գա, եթե տեղի չունենար մի հետաքրքիր, սակայն ցավալի վախճանով իրադարձություն: Հռոմեական կայսրության մեջ խիստ հալածանքներ էին սկսվել քրիստոնյաների նկատմամբ, որոնցից շատերը ստիպված ապաստանում էին Հայաստանում, ուր զանգվածային հալածանքներ չկային: Այդ փախստականներից էին նաեւ մի խումբ քրիստոնյա կույսեր, որոնց առաջնորդում էր Գայանեն: Այդ խմբում էր գեղեցկուհի Հռիփսիմեն: Տրդատ Մեծը սիրահարվեց Հռիփսիմեին եւ փորձեց կնության վերցնել նրան: Սակայն իրենց Քրիստոսի ծառայությանը նվիրած կույսը չէր ցանկանում ամուսնանալ, առավել եւս հեթանոսի հետ: Բարկացած Տրդատը հրամայեց տանջամահ անել Հռիփսիմեին, Գայանեին եւ մյուս կույսերին: Շուտով Տրդատը խիստ զղջաց իր դաժանության համար եւ հոգեկան ծանր ապրումների մեջ ընկնելով հիվանդացավ: Ըստ ավանդության, արքայի քույր Խոսրովիդուխտի երազի շնորհիվ Գրիգոր Լուսավորչին դուրս բերեցին բանտից, եւ նա բժշկեց ու դարձի բերեց Տրդատին: Հայոց արքան, նրա ընտանիքը, նախարարները եւ զորքը 301թ. Տարոնի Աշտիշատ ավանի մոտ, Արածանի գետում մկրտվեցին Գրիգոր Լուսավորչի կողմից, որն էլ դարձավ Հայոց առաջին կաթողիկոսը: Հայաստանում հեթանոսական հավատալիքները արգելվեցին եւ պետական կրոն հռչակվեց քրիստոնեությունը: Երկրի կարեւոր հոգեւոր կենտրոն Աշտիշատում Արամազդի, Վահագնի, Անահիտի տաճարները կործանվեցին եւ կառուցվեց առաջին քրիստոնեական եկեղեցին: Վաղարշապատում կույսերի նահատակման վայրերում նրանց անուններով կառուցվեցին եկեղեցիներ, ինչպես նաեւ Մայր տաճարը: Բոլոր հեթանոսական տաճարները վերածվեցին եկեղեցիների: Քրմերը փորձեցին դիմադրել նոր կրոնի տարածմանը, սակայն արքունի զորքերը Տարոնում պարտության մատնեցին նրանց, իսկ քրմապետ Արձանը զոհվեց: Հեթանոսական ամբողջ հոգեւոր ու նյութական մշակույթը ոչնչացվեց, որպեսզի ոչինչ չհիշեցներ հին աստվածներին: Դա բավական ծանր հարված էր հայկական հազարամյակների մշակույթին: Սակայն դեռեւս երկար ժամանակ էր պետք, մինչեւ քրիստոնեությունը թափանցեր ժողովրդի բոլոր խավերի մեջ եւ վերջնականապես դուրս մղեր հեթանոսության մնացորդները: Այսպիսով` Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ, մյուս բոլոր երկրներում դաժան հալածանքների ենթարկվող քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն: Դա կատարվեց մի շրջանում, երբ մեր երկու հարեւան գերտերությունները` Պարսկաստանը եւ Հռոմը թշնամաբար էին տրամադրված նոր կրոնի նկատմամբ: Հայաստանը պետք է բավական հզոր եւ ինքնուրույն լիներ, որպեսզի կարողանար դեմ գնար նրանց եւ կատարեր հոգեւոր-մշակութային հեղափոխություն: 311թ. Հռոմի կայսր Մաքսիմիանոս Դայան արշավեց Հայաստան, սակայն Տրդատը պարտության մատնեց կայսերական բանակին եւ Մեծ Հայքին վերամիավորեց Մծբինի պայմանագրով Հռոմին միացված Ծոփքը, Աղձնիքը, Կորդուքը, Ծավդեքը: Հայաստանը ստիպված չեղավ երկար պայքարել նախկին դաշնակից Հռոմի դեմ: 313թ. Հռոմեական կայսրության մեջ թույլատրվեց ազատորեն դավանել քրիստոնեությունը` մյուս կրոնների շարքում, իսկ 324թ. դարձավ պետական կրոն, սակայն հեթանոսական կրոնները չարգելվեցին: Միայն 381թ. քրիստոնեությունը հռչակվեց Հռոմի պաշտոնական ու միակ կրոնը: Տրդատ Մեծը եկեղեցուն նվիրեց հեթանոսական տաճարների ու քրմերի ամբողջ ունեցվածքը եւ այլ կալվածքներ: Եկեղեցուն էր տրվում տասանորդ տուրքը` երկրի ամբողջ բերքի մեկ տասներորդ մասը: Հաջորդ թագավորները եւ խոշոր նախարարները եկեղեցուն էին նվիրում նորանոր հարստություններ: Եկեղեցին, այսպիսով, ժամանակի ընթացքում դառնում է երկրի խոշորագույն հողատերերից մեկը եւ զիջում էր միայն արքունիքին: Հայոց եկեղեցին իր տնտեսական հզորության ու հարստության շնորհիվ ձեռք բերեց խոշոր քաղաքական ազդեցություն եւ հետզհետե դարձավ երկրի իշխող ուժերից մեկը: Հայ առաքելական եկեղեցին սկզբում մաս էր կազմում քրիստոնեական համաշխարհային եկեղեցուն: Հայոց եկեղեցու դավանաբանության հիմքում դրված են քրիստոնեական եկեղեցու առաջին երեք տիեզերական ժողովների (Նիկիայի` 325թ., Կոստանդնոպոլսի` 380թ., Եփեսոսի` 431թ.) որոշումները: Քաղկեդոնի 451թ. ժողովում ընդունված որոշումների արդյունքում տիեզերական քրիստոնեական եկեղեցին պառակտվեց, եւ Հայոց եկեղեցին դարձավ ինքնուրույն: Հայոց եկեղեցին կարեւոր դեր է կատարել միասնական պետականության պահպանման համար, իսկ այդ կարեւոր ազգային արժեքի կորստից հետո եկեղեցին իր վրա է վերցրել հայ ժողովրդի ղեկավարությունը, մեր մշակույթի պահպանման ու զարգացման ողջ ծանրությունը, գլխավորել է ազատագրական շարժումները, հայ երիտասարդության մեջ սերմանել ու վառ է պահել ազգային գիտակցությունը:
Вход на сайт
Поиск
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz